Մոդելային Օրենք
ՆԱԽԱԳԻԾ
ՄՈԴԵԼԱՅԻՆ Օ Ր Ե Ն Ք
ՄԵՂՈՒՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ
Սույն օրենքը կարգավորում է Մեղուների ազգային պարկերի /այսուհետև՝ մեղվապարկ/՝ որպես մեղվահասարակության ու մեղուների գենոֆոնդի պահպանման բացառիկ հնարավորության հետ կապված իրավահարաբերությունները, սահմանում է նման պարկերի կազմավորման ու գործունեության իրավական հիմքերը:
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
ազգային պարկ՝ բնապահպանական, գիտական, պատմամշակութային, գեղագիտական, ռեկրեացիոն արժեքներ ներկայացնող միջազգային և (կամ) պետական նշանակություն ունեցող տարածք, որը բնական լանդշաֆտների ու մշակութային արժեքների զուգորդման շնորհիվ կարող է օգտագործվել գիտական, կրթական, ռեկրեացիոն, մշակութային և տնտեսական նպատակներով, և որի համար սահմանված է պահպանության հատուկ ռեժիմ.
մեղուների ազգային պարկ՝ ազգային պարկի կամ արգելոցի տարածքից առանձնացված տեղամաս, որտեղ գործում է մեղուների պահպանման ու զարգացման համար սույն օրենքով սահմանված իրավական ռեժիմը.
Օրգանական մեղվապահություն՝ մեղուների ազգային պարկում միակ թուլատրելի մեղվապահական տնտեսություն, որը տվյալ երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել է համապատասխան հավաստագիր,
Ազգային պարկի մեղվաբույծ` գյուղատնտեսության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) սահմանած պահանջները բավարարող արտոնագրով մեղուների ազգային պարկում մեղվաբուծությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձ,
մեղվաընտանիք` միևնույն մեղվափեթակում կամ փչակում (բնում) ապրող մեղրատու մեղուների ընտանիք, որը կազմված է աշխատավոր մեղուներից, բոռերից (արու մեղուներից) և մայր մեղվից.
փեթակ` մարդու պատրաստած շինություն` մեղվաընտանիքի կենսագործունեության ապահովման համար.
մեղվանոց` մեղվաընտանիքների ամբողջություն, որն ապահովված է մեղվաբուծությամբ զբաղվելու համար անհրաժեշտ գույքով և պարագաներով.
տոհմային մեղվանոց` ծագումով և հատկանիշներով տոհմային մեղվանոցներին ներկայացվող պահանջներին համապատասխանող մեղվանոց.
մեղուների պարս` բնական պայմաններում մեղուների բազմացման ձև, ձագատվության ճանապարհով հիմնական մեղվաընտանիքից ինքնուրույնաբար ձևավորված նոր ընտանիք.
մեղուների գենոֆոնդ՝ որոշակի գենային հատկանիշներով օժտված, տեսակի ժառանգական հատկանիշների ամբողջականությունն արտահայտող, բնակլիմայական որոշակի պայմաններում բնական ընտրության ճանապարհով ձևավորված, սերնդեսերունդ փոխանցվող հատկանիշների որոշակի ամբողջություն ունեցող մեղվատեսակ կամ ենթատեսակ,
օրգանական մեղվամթերք՝ մեղվապարկի օրգանական մեղվաընտանիքներից ստացված մեղր, մայրակաթ, ակնամոմ, մեղվամոմ, ծաղկափոշի, մեղվի թույն և այլն,
ապիթերապիա՝ հիվանդությունների կանխարգելում կամ բուժում մեղվամթերքներով,
մեղվանոցի անձնագիր` մեղվաընտանիքների անասնաբուժա-սանիտարական վիճակի վերաբերյալ լիազոր մարմնի սահմանած ձևի փաստաթուղթ,
մեղվապարկի կառավարման պլան՝ տվյալ տարածքի պահպանության, մեղվապահական գործունեության ծավալման պետական լիազոր մարմնի կողմից սահմանված պաշտոնական փաստաթուղթ,
սերտիֆիկացման մարմին` օրգանական արտադրանքի սերտիֆիկացման գործունեություն իրականացնող հավատարմագրված իրավաբանական անձ.
մեղվապարկի ռեկրեացիոն գոտի՝ մեղուների ազգային պարկի տարածքից առանձնացված տեղամաս, որտեղ թույլատրվում է զբոսաշրջության ու դրա հետ կապված սպասարկման ծառայության կազմակերպումը.
Հոդված 2. Մեղվապարկերի մասին օրենսդրությունը
1. Մեղվապարկերի կազմավորման, կառավարման, պահպանության, օգտագործման և վերականգնման բնագավառներում հարաբերությունները կարգավորվում են տվյալ երկրի Սահմանադրությամբ, սույն օրենքով, Մեղվաբուծության մասին օրենքով, Օրգանական գյուղատնտեսության մասին օրենքով և իրավական այլ ակտերով:
2. Եթե պետության կողմից կնքված միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
3. Մեղվապարկերին առնչվող այլ իրավական ակտերի՝ սույն օրենքին հակասող իրավանորմերն ենթակա են կիրառման՝ հաշվի առնելով սույն օրենքի իրավակարգավորումները:
Հոդված 3.
Մեղվապարկերի մասին օրենսդրության խնդիրները
Մեղվապարկերի մասին օրենսդրության խնդիրներն են`
ա) երաշխավորել մեղվաընտանիքների բնականոն գոյությունը՝ բացառելով մարդկային գործոնի բացասական ազդեցությունը դրանց գոյության և վերարտադրական գործընթացների վրա,
բ) երաշխավորել ազգային պարկերում բացառապես օրգանական մեղվաբուծության կազմակերպումը,
գ) արգելել մեղվապարկերի տարածքներում քիմիական նյութերի, այդ թվում՝ պեստիցիդների օգտագործումը՝ նվազագույնը 6 կմ շառավիղով,
դ) բացառել մեղուների հիվանդությունների միգրացիան,
ե) մեղվապարկերում երաշխավորել կենսաբազմազանությունը,
զ) պահպանել մեղուների գենոֆոնդը, խթանել դրա բարելավումը,
է) խթանել օրգանական ապիթերապիայի զարգացումը,
ը) նպաստել մարդկանց մոտ մեղուների նկատմամբ հոգատար վերաբերմունքի ձևավորմանը:
Հոդված 4. Մեղվապարկերի ստեղծումը և կառավարումը
1. Մեղվապարկերն ստեղծում են Կառավարության որոշմամբ,
2. Մեղվապարկերի տարածքների հողերը պետության սեփականությունն են: Մեղվապարկերի ամբողջականությունը և պահպանության ռեժիմը ապահովելու նպատակով դրանց ռեկրեացիոն և տնտեսական գոտիներում, բացի պետական սեփականության հողերից, կարող են ընդգրկվել նաև այլ սեփականատերերին պատկանող հողեր:
3. Տեղական նշանակության մեղվապարկեր կարող են ստեղծվել նաև համայնքային կամ մասնավոր սեփականություն համարվող հողերում:
4. Անկախ սեփականության ձևից, մեղվապարկերի տարածքների կառավարումն իրականացվում է երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով` ըստ Կառավարության հաստատած` մեղվապարկերի կանոնադրությունների և կառավարման պլանների:
5. Մեղվապարկերի տարածքների հավատարմագրային կառավարման պայմանագիրը կնքվում է մրցույթի արդյունքում՝ մինչև 10 տարի ժամկետով, որի անցկացման կարգը, ինչպես նաև հավատարմագրային կառավարման պայմանագրի օրինակելի ձևը սահմանում է Կառավարությունը:
6. Իրավաբանական և ֆիզիկական անձինք մեղվապարկում մեղվանոցները տեղադրում են սահմանված կարգով հատկացված հողատարածքներում` պահպանելով համապատասխան անասնաբուժասանիտարական և օրգանիկ մեղուներին պահելու կանոնները: Մեղվանոցները տեղադրվում են միմյանցից ոչ պակաս 3կմ հեռավորության վրա:
7. Մեղվապարկերում անասնաբուժասանիտարական կանոնները սահմանում է առողջապահության բնագավառի պետական լիազորված մարմինը:
Հոդված 5. Մեղվապարկերի կառավարման պլանը
1. Մեղվապարկի կառավարման պլանը (այսուհետ՝ կառավարման պլան) կազմվում է լիազորված պետական մարմնի հաստատած մեթոդական ցուցումների համաձայն:
2. Կառավարման պլանն ընդգրկում է՝
ա) մեղվապարկի մասին հիմնական տեղեկատվությունը, այդ թվում` էկոհամակարգերի և դրանց բաղադրիչների (ներառյալ` դրանց պաշարների, վիճակի և սպառնացող վտանգների) նկարագրությունը և անցած ժամանակաշրջանում դրանց փոփոխությունների գնահատականն ու զարգացման հեռանկարները.
բ) մեղվապարկի տարածքի գոտիավորման, սահմանների, կենսաբանական բազմազանության, այդ թվում՝ կենսաբանական պաշարների տեղաբաշխման, հողօգտագործման և այլ թեմատիկ քարտեզներն ու հատակագծերը.
գ) մեղվապարկի տարածքի սոցիալ-տնտեսական և բնօգտագործման առանձնահատկությունները.
դ) մեղվապարկի տարածքի պահպանությանը և օգտագործմանը մասնակցող շահագրգիռ կողմերը.
ե) մեղվապարկի տարածքի մոնիթորինգի տվյալների հիման վրա մարդածին բացասական ազդեցության և գլոբալ տաքացման հետևանքների կանխարգելմանն ուղղված գործողությունների ամենամյա պլանը և ժամանակացույցը.
զ) մեղվապարկի տարածքի պահպանության, դրանում գիտահետազոտական ուսումնասիրության և այլ աշխատանքների կատարման համար անհրաժեշտ ծախսերը և ֆինանսավորման աղբյուրները,
է) մեղվապարկի տարածքում գտնվող մեղվատնտեսությունների տեղաբաշխվածության քարտեզը,
ը) յուրաքանչյուր մեղվատնտեսության կողմից տվյալ տարում ակնկալվող մեղրամթերքների ծավալը և որակական ցուցանիշները,
թ) մեղվապարկում արտադրված մեղվամթերքների իրացման պայմանները,
Գ Լ ՈՒ Խ 2
ՄԵՂՎԱՊԱՐԿԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 6. Կառավարության իրավասությունները
Երկրում մեղվապարկերի ստեղծման, առանձնացման, կառավարման, պահպանության և օգտագործման բնագավառում Կառավարության իրավասություններն են՝
ա) մեղվապարկերի կազմավորման պետական քաղաքականության ձևավորումը, ռազմավարության հաստատումը.
բ) մեղվապարկերի պահպանության և օգտագործման բնագավառում պետական ծրագրերի հաստատումը.
գ) մեղվապարկերի կառավարման պլանների հաստատումը և վերանայումը.
դ) մեղվապարկերի ստեղծման կարգի սահմանումը.
ե) մեղվապարկերի կանոնադրությունների հաստատումը.
զ) մեղվապարկերի մոնիթորինգի կազմակերպման և իրականացման կարգի սահմանումը
է) մեղվապարկերի հավատարմագրային կառավարման համար մրցույթ անցկացնելու կարգի հաստատումը.
ը) մեղվապարկերի հավատարմագրային կառավարման պայմանագրի օրինակելի ձևի հաստատումը.
թ) մեղվապարկերին պետական աջակցության կարգի ու պայմանների հաստատումը,
ժ) Սահմանադրությամբ և սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 7. Մեղվապարկերի կազմավորման ու գործունեության ոլորտում կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի (այսուհետ` լիազորված պետական մարմին) իրավասությունները
մեղվապարկերի կազմավորման ու գործունեության ոլորտում լիազորված պետական մարմնի իրավասություններն են՝
ա) մեղվապարկերի կազմավորման ու գործունեության պետական քաղաքականության և ռազմավարության մշակումը.
բ) մեղվապարկերի կազմավորման ու գործունեության բնագավառում պետական ծրագրերի և կառավարման պլանների մշակումը.
գ) տեղական նշանակության մեղվապարկերի կառավարման պլանների հաստատումը.
դ) մեղվապարկերի տարածքների մոնիթորինգի իրականացումը.
ե) մեղվապարկերում արտադրված մեղվամթերքների իրացման կարգի սահմանումը.
զ) մեղվապարկերի տարածքներում օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողության իրականացումը.
է) Կառավարության որոշմամբ սահմանված կարգով մեղվապարկերի տարածքների օգտագործման թույլտվությունների տրամադրումը.
ը) մեղվապարկերի պահպանությունը և օգտագործման կարգավորումն իրականացնող իրավաբանական անձերից հաշվետվությունների ընդունումը.
ժ) մեղվապարկերի չափերի, սահմանների ֆիզիկական կամ իրավաբանական անձանց տրամադրման ժամկետների ու պայմանների վերաբերյալ Կառավարությանը առաջարկությունների ներկայացումը.
ժբ) Մեղվապարկերում տուրիզմի կազմակերպման հետ կապված ենթաօրենսդրական ակտերի ընդունումը.
ժգ) մեղվապարկերի պահպանությունն իրականացնող իրավաբանական անձի պահպանության ծառայության աշխատողների համազգեստի ձևի, այն կրելու կարգի և պայմանների հաստատումը.
ժդ) օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 8. Պետական կառավարման տարածքային մարմինների իրավասությունները
Մեղվապարկերի պահպանության և օգտագործման բնագավառում պետական կառավարման տարածքային մարմինների իրավասություններն են`
ա) մասնակցությունը մեղվապարկերին առնչվող պետական ծրագրերի և կառավարման պլանների մշակմանը.
բ) աջակցությունը մեղվապարկերի պահպանությունն իրականացնող ծառայություններին.
գ) օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
Հոդված 9. Տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները
Մեղվապարկերի պահպանության և օգտագործման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասություններն են`
ա) մասնակցությունը համայնքի վարչական սահմաններում գտնվող մեղվապարկերի վերաբերող պետական ծրագրերի ու կառավարման պլանների մշակմանը և իրենց իրավասության սահմաններում դրանց իրականացումը.
բ) աջակցությունը համայնքի վարչական սահմաններում գտնվող մեղվապարկերի պահպանության ռեժիմի ապահովմանը.
գ) համայնքի վարչական սահմաններում գտնվող տեղական նշանակության մեղվապարկերի ստեղծման վերաբերյալ լիազորված պետական մարմնին առաջարկությունների ներկայացումը.
դ) համայնքի վարչական սահմաններում գտնվող մեղվապարկերի պահպանության, օգտագործման, մոնիթորինգի և գիտական ուսումնասիրությունների կազմակերպումը, կառավարման պլանների մշակումը.
ե) համայնքի վարչական սահմաններում գտնվող տեղական նշանակության մեղվապարկերի վերաբերյալ լիազորված պետական մարմնին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը.
զ) աջակցությունը մեղվապարկերի վերաբերյալ հասարակության իրազեկման բարձրացմանը, ինչպես նաև գիտական ու կրթադաստիարակչական ծրագրերի մշակմանը և իրականացմանը.
է) օրենքով սահմանված այլ լիազորություններ:
Գ Լ ՈՒ Խ 3
ՄԵՂՎԱՊԱՐԿԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԵԺԻՄՆԵՐԸ
Հոդված 10. Մեղվապարկերի պահպանության նպատակը
Մեղվապարկերի պահպանության նպատակն է՝
ա) ապահովել մեղվապարկերի անխաթար գործունեությունը, այդ տարածքների բնական էկոհամակարգերի, կենսաբանական բազմազանության և լանդշաֆտների, բնության ժառանգականության բնականոն զարգացումը.
բ) բացառել կամ մեղմացնել բնական պրոցեսների խախտմանը նպաստող ցանկացած գործունեություն.
գ) հայտնաբերել և կանխարգելել բնօգտագործողների, ինչպես նաև մեղվապարկի տարածք մուտք գործած անձանց թույլ տված իրավախախտումները.
դ) ապահովել մեղվապարկի համար սահմանված ռեժիմի իրականացումը:
Հոդված 11. Մեղվապարկի պահպանության ռեժիմը
Մեղվապարկի տարածքում արգելվում է՝
ա) ջրային ռեսուրսների օգտագործումը` ջրային համակարգերի միջոցով, և ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն.
բ) տնտեսական և բնակելի օբյեկտների, ճանապարհների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի և հաղորդակցության այլ ուղիների շինարարությունն ու շահագործումը, բացառությամբ մեղվապարկի գործունեության համար անհրաժեշտ օբյեկտների շինարարության (անտառապահի տնակ, արգելափակոց, սահմանանշան և այլն).
գ) բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումը.
դ) որսորդությունը, ձկնորսությունը.
ե) կենդանիների և բույսերի նոր տեսակների, կենսատեխնոլոգիաների միջոցով ստացված գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (տեսակների) ներմուծումը և օգտագործումը, ինչպես նաև առանձին տեսակների քանակի մեծացման կամ պակասեցման նպատակով տարվող որևէ աշխատանք.
զ) բույսերի, ծաղիկների, պտուղների և սերմերի մթերումը.
է) անտառահատումները, անասունների արածեցումը, խոտհունձը և բուսական ծածկույթի այլ խախտումներ.
ը) թունաքիմիկատների օգտագործումը բույսերի պաշտպանության նպատակով, ինչպես նաև հանքային պարարտանյութերի օգտագործումը.
թ) ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը և պահեստավորումը.
ժ) երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները, որոնք առաջացնում են հողային ծածկույթի խախտում.
ժա) օգտակար հանածոների հանքավայրերի, երևակումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը.
ժբ) ընդհանուր օգտագործման ճանապարհներից և ջրային ուղիներից դուրս շարժիչային և թրթուրավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը և կանգառը ճանապարհային ցանցի սահմաններից դուրս կամ դրա համար չնախատեսված վայրերում.
ժգ) ցանկացած այլ գործունեություն, որը խախտում է բնական համակարգերը և օբյեկտները կամ սպառնում է դրանց պահպանությանը:
Հոդված 12. Մեղվապարկի պահպանության իրականացումը
1. Մեղվապարկի պահպանությունը, սույն օրենքով սահմանված պահպանության ռեժիմներին համապատասխան, իրականացնում են՝
ա) միջազգային և հանրապետական նշանակության մեղվապարկերի տարածքներում՝ տվյալ տարածքի պահպանության ռեժիմն ապահովող իրավաբանական անձը.
բ) տեղական նշանակության մեղվապարկերի տարածքներում` տեղական ինքնակառավարման մարմինները:
2. Մեղվապարկերի պահպանությունն ապահովող իրավաբանական անձանց կամ տեղական ինքնակառավարման մարմինների և հողերի այլ սեփականատերերի միջև հարաբերությունները կարգավորվում են օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Պետական սեփականության տարածքներում մեղվապարկերի պահպանության, դրանցում գիտական ուսումնասիրությունների և բնապահպանական միջոցառումների կատարման ծախսերը ֆինանսավորվում են պետական բյուջեից հատկացված միջոցներից, մեղվաբուծական տնտեսությունների եկամուտներից, այդ տարածքներում տարբեր ծառայությունների մատուցման դիմաց ստացված վճարումներից, հովանավորչական, նվիրատվական, ինչպես նաև օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական միջոցների հաշվին:
4. Համայնքային սեփականության տարածքներում մեղվապարկերի պահպանության և բնապահպանական միջոցառումների կատարման ծախսերը ֆինանսավորվում են պետական բյուջեից հատկացված միջոցներից, համայնքային բյուջեից, մեղվաբուծական տնտեսությունների եկամուտներից, հովանավորչական, նվիրատվական և օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական միջոցների հաշվին:
Հոդված 13. Մեղվապարկերի պահպանությունն իրականացնող իրավաբանական անձի պահպանության ծառայության աշխատողների իրավունքները և պարտականությունները
1. Մեղվապարկերի պահպանությունն իրականացնող իրավաբանական անձի պահպանության ծառայության աշխատողների իրավունքներն ու պարտականություններն են՝
ա) մեղվապարկի կանոնադրությամբ սահմանված բնապահպանական նորմերի և կանոնների պահանջների կատարումը.
բ) կանխել մեվապարկում սահմանված ռեժիմը խախտող ցանկացած գործողություն.
գ) ծառայողական պարտականությունները կատարելիս ունենալ անձը հաստատող համապատասխան փաստաթուղթ.
դ) օրենքով սահմանված կարգով պահել, կրել, օգտագործել ծառայողական զենք, զինամթերք, ռետինե ձողեր, ինքնապաշտպանության միջոցներ (արցունքաբեր գազ, զրահաթիկնոց) և կրել համազգեստ.
ե) ստուգել իրավախախտողի անձը հաստատող փաստաթուղթը.
զ) օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով և դեպքերում իրականացնել մեղվապարկի պահպանության հետ կապված այլ գործողություններ:
2. Սույն հոդվածով սահմանված իրավունքներն ու պարտականությունները տարածվում են նաև համայնքային սեփականության տարածքներում մեղվապարկի պահպանությունն իրականացնող անձանց վրա:
Հոդված 14. Մեղվապարկերի վերահսկողությունը
Մեղվապարկերի վերահսկողությունն իրականացնում է լիազորված պետական մարմինը` «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքին համապատասխան:
Գ Լ ՈՒ Խ 4
ՄԵՂՎԱՊԱՐԿԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
Հոդված 15. Մեղվապարկերի տարածքներն օգտագործողները
Մեղվապարկերի տարածքներում մեղվապահական տնտեսություններ կարող են հիմնել պետությունը՝ ի դեմս լիազորված պետական մարմնի, համայնքները, ֆիզիկա-կան և իրավաբանական անձինք:
Մեղվապահական տնտեսությունները հիմնվում են մշտական տեղակայման ռեժիմով, ենթակա չեն տեղափոխումների:
Մեղուների ձմեռումն իրականացվում է բնական պայմաններում:
Ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են մեղվանոցների սանիտարական անձնագիր ունենալ: Սանիտարական անձնագրի վարումը և հանձնումը իրականացնում է լիազոր մարմինը:
Հոդված 16. Մեղվապարկերի տարածքների օգտագործումը
Մեղվապարկերի տարածքներում, սույն օրենքով սահմանված իրավական ռեժիմին համապատասխան, թույլատրվում են գործունեության հետևյալ ձևերը.
ա) օրգանական մեղվաբուծական տնտեսությունների հիմնումը, մեղվաընտանիքների բազմացումը,
բ) տոհմային մեղվանոցների հիմնումը, մեղուների գենոֆոնդի պահպանությունը,
գ) օրգանական մեղվամթերքների արտադրությունը, պահեստավորումն ու սահմանված կարգով իրացումը,
դ) մեղվագիտական ուսումնասիրությունների կազմակերպումը,
ե) մեղվատուրիզմի կազմակերպումը:
Արգելվում է մեղվափչակների և մեղրատու մեղուների բնակության բնական այլ վայրերի ոչնչացումը, ինչպես նաև բնական պարսերի վերադարձը մեղվափեթակ,
Մեղվապարկերում արտադրված մեղվամթերքների որակի վերահսկումն իրականացնում է պետական լիազոր մարմինը:
Ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են մեղվանոցների սանիտարական անձնագիր ունենալ: Սանիտարական անձնագրի վարումը և հանձնումը իրականացնում է լիազոր մարմինը:
Հոդված 17. Մեղվապարկերի տարածքները օգտագործողների իրավունքներն ու պարտականությունները
1. Մեղվապարկի տարածքն օգտագործողն իրավունք ունի՝
ա) ընտրելու սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված` մեղվապարկի տարածքի օգտագործման ձևերը.
բ) սահմանված կարգով իրացնելու օգտագործումից ստացվող արտադրանքը և տնօրինելու եկամուտները:
2. մեղվապարկի տարածքն օգտագործողը պարտավոր է՝
ա) գործել օրենսդրության պահանջներին համապատասխան.
բ) ապահովել մեղվապարկի տարածքից իրեն հատկացված հողատարածքի պահպանությունը և սանիտարահիգենիկ նորմերը, չխախտել բնական էկոհամակարգերի ամբողջականությունը.
գ) չխոչընդոտել մեղվապարկի տարածքի պահպանությունն իրականացնող պաշտոնատար անձին՝ կատարելու իր ծառայողական պարտականությունները.
դ) ժամանակին կատարել մեղվապարկի տարածքից օգտվելու համար սահմանված վճարները.
ե) չխախտել մեղվապարկի տարածքի այլ օգտագործողների իրավունքները,
զ) սահմանված կարգով մշակել օրգանիկ մեղվատնտեսության կառավարման պլանը և վարել մեղվանոցի անձնագիրը:
Հոդված 18. Մեղվապարկի տարածքների օգտագործման իրավունքի դադարումը
մեղվապարկի տարածքից օգտվելու իրավունքը դադարում է՝
ա) սույն օրենքի պահանջները խախտելու դեպքում.
բ) օգտագործողի կամավոր հրաժարման կամ մահվան դեպքում.
գ) մեղվապարկի տարածքն օգտագործող իրավաբանական անձի լուծարման դեպքում.
դ) պայմանագրի ժամկետն ավարտվելու դեպքում.
ե) օրենքով սահմանված այլ դեպքերում:
ԳԼՈՒԽ 5.
ՄԵՂՎԱՊԱՐԿԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 19. Մեղվապարկերի մասին օրենսդրության խախտումն առաջ է բերում կարգապահական, վարչական, քաղաքացիաիրավական կամ քրեական պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով: